Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը։ Սուրբ Հովհաննես Կարապետը կամ Մկրտիչը քրիստոնեական մեծագույն սրբերից է, որի անունը մշտապես հիշատակվում է մեր ժամերգությունների և Սբ. Պատարագի ժամանակ:
Նրա ծնունդը նկարագրված է Ղուկասի Ավետարանում (1.5-25): Սբ. Հովհաննեսը խոստման զավակ էր։ Տաճարում խնկարկության ժամանակ նրա հորը` Զաքարիա քահանային, հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ պիտի ունենա: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ և կասկածամտությամբ է ընդունում բարի լուրը համար, որի համար, դառնում է համր մինչև իր որդու ծնունդը:
Բոլոր չորս Ավետարանները խոսում են Սբ. Հովհաննես Կարապետի մասին, որը վկայությունն է այն բանի, թե որքան կարևոր է նրա կերպարը փրկագործության պատմության մեջ։ Ավետարանիչները հավատացած էին, որ առանց Հովհաննես Մկրտչի վկայության մասին հիշատակության, չէին կարող ամբողջապես ներկայացնել Հիսուս Քրիստոսի անձը և փրկագործությունը։ Արդարև, Հովհաննես Մկրտչի վկայությունն անհրաժեշտ էր, քանզի Աստված ուղարկեց նրան. «որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով» (Հովհ. 1.7)։
Քրիստոսից առաջ Աստված բազում պատգամաբերներ ուղարկեց. հիշենք Հին Ուխտի նախահայրերին, դատավորներին ու մարգարեներին, ինչու չէ, նաև այն բոլոր իմաստասերներին, արվեստագետներին և բանաստեղծներին, ովքեր մարդկությանը մասնակիորեն հաղորդակից դարձրին Աստծո ճշմարտությանն ու գեղեցկությանը։ Այս ամենը կարող ենք բնութագրել որպես վկայություն Լույսին։
Սբ. Հովհաննեսի Ավետարանում առաջին իսկ համարներում կարդում ենք, որ «Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես։ Սա եկավ իբրև վկա, որպեսզի վկայի լույսի մասին, և որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով։ Նա Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին» (Հովհ. 1.6-8)։
Հովհաննես Մկրտիչը եկել էր վկայելու Լույսի մասին և նախապատրաստելու ժողովրդին Օծյալի գալստյանը՝ ապաշխարություն քարոզելով և նրանց ջրով մկրտելով։ Աստված նրան ուղարկել էր որպես կարևորագույն մարգարեական վկայություն, որպեսզի բոլորն իմանան Հիսուս Քրիստոսի ինքնության մասին և հավատան Փրկչին։
Արդարև, Սբ. Հովհաննես Մկրտչի վկայությունը չի սահմանափակվում միայն առաջին դարով։ Այսօր էլ նա շարունակում է խոսել մեզ հետ Ավետարանների միջից և ուսուցանել Քրիստոսի մասին՝ ասելով. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։ Սա է նա, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս. մարդ, որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար» (Հովհ. 1.29-30)։
Commentaires