top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Սուրբ Ներսես Մեծ



Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի և Խադ Եպիսկոպոսի հիշատակը։


Սրբերն առանձնանում են նրանով, որ նրանց կյանքի մեջ կարող ենք տեսնել Աստծո Խոսքի լավագույն մեկնությունը և վավերական գործադրությունը։ Սրա փայլուն օրինակը Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի կյանքն է։


Նա ուներ ամեն ինչ՝ սերում էր ազնվական ընտանիքից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ծոռն էր, ստացել էր փայլուն կրթություն Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, դարձել հմուտ զինվորական և արքունի սենեկապետ։


Փավստոս Բուզանդ պատմիչի վկայությամբ՝ Ներսեսը հաղթանդամ, բարձրահասակ և պատկառազդու մեկն էր, հավատարմորեն պահում էր Աստծո պատվիրանները, պարկեշտ էր, անաչառ, իրավադատ, խոնարհ, Աստծու սիրով կատարյալ, զինվորական աստիճանի մեջ՝ առաքինի վարքով:


Այսուհանդերձ, երբ նախարարները և Արշակ Երկրորդ թագավորը խնդրեցին Ներսեսին դառնալու Հայոց Կաթողիկոս, վերջինս հրաժարվեց։ Անշուշտ սա խոնարհության նշան էր, բայց ոչ միայն։ Ներսեսը հավանաբար հիշում էր Աստվածաշնչի՝ Թագավորների գրքի այն համարը, որն ասում է. «Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։


Նա բնավ չէր մտածում արքայական և նախարարական պատիվներին արժանանալու և կամ կաթողիկոսական պաշտոնի գրավչության մասին։ Նրա համար ամեն բանից առաջ Աստծո Կամքն էր, և թե ի՛նչ է Աստված տեսնում իր սրտում։ Միայն որոշ ժամանակ անց, աղոթքի, խոկման և Սուրբ Գրքի ընթերցանությամբ, Սբ. Ներսեսը խոնարհաբար ընդունում է իր կոչումը՝ բազմելու Լուսավորչի գահին։ Շատ կարճ ժամանակում նրան շնորհվում են եկեղեցական բոլոր աստիճանները և 353թ.-ին ձեռնադրվում է Կաթողիկոս։


Հայոց արքան և եկեղեցու առաջնորդները դեռ զղջալու շատ առիթներ պիտի ունենային, որովհետև Սուրբ Ներսեսը, բազմելով Լուսավորչի գահին, չմոռացավ Աստծո Խոսքը, այլ այն դարձրեց իր երդումը՝ մարգարեաբար խրատելով և հանդիմանելով արքային, նախարարներին ու հասարակությանը իրենց մեղավոր ընթացքի համար։


Եկեղեցին բարեկարգելու և իր աստվածահաճո առաքելությանը վերադարձնելու նպատակով, 364թ.ին նա հրավիրեց Աշտիշատի Եկեղեցական ժողովը։ Այստեղ առաջին անգամ ընդունվեցին որոշումներ, որոնք կանոնակարգում էին հոգևոր-եկեղեցական կյանքը, սահմանում սիրո, բարոյական կատարելության, ճշմարիտ քրիստոնեական պաշտամունքի, ամուսնության և ընտանիքի սրբության սկզբունքները։


Սուրբ Ներսեսը ոչ միայն խոսքի, այլև գործի մարդ էր։ Նա հիմնեց վանական միաբանություններ և կուսանաց մենաստաններ, դպրոցներ և որբանոցներ, հիվանդանոցներ և ուրկանոցներ՝ բորոտ մարդկանց համար և բարեխնամ այլ հաստատություններ։


Նախարարներին և արքային իրենց մեղավոր ընթացքի մեջ հանդիմանելու համար Սուրբ Ներսեսը ենթարկվում էր հալածանքների։ Նա գահընկեց արվեց, աքսորվեց իր հայրենիքից, այնուհետև վերադարձավ կաթողիկոսական գահին, սակայն կարճ ժամանակ անց թունավորվեց արքայի հրամանով և մահացավ 373 թվականին։


Շարականագիրն ասում է. «Նա, որ Երկնավոր Թագավորի պատվիրանների համար երկրավոր թագավորի կողմից մահաբեր բաժակն ընդունեց և փոխադրվեց երկինք՝ լուսեղեն առագաստների մեջ»:


Նրա սրբության և առաքինասեր կյանքի օրինակը մեծ ազդեցություն թողեց Հայ Եկեղեցու առաքելության վրա և հայ հավատացյալի հոգում, որի համար Եկեղեցին նրան սրբադասեց և կոչեց «Մեծ» և «Լուսավորիչ Սրտերի»։


Եթե Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համարվում է «Հոգիների Լուսավորիչ»՝ հավատի լույսը տարածելու, իսկ Սուրբ Սահակ Պարթևը՝ «Մտքերի Լուսավորիչ»՝ հայ դպրության հիմնադրման և Աստվածաշունչը թարգմանելու համար, ապա Սուրբ Ներսես Մեծը իրավամբ կոչվում է «Սրտերի Լուսավորիչ», քանզի իր կյանքի օրինակով նա ճառագեց Աստծո Խոսքի կենարար լույսը իր ժողովրդի սրտերին։


Սուրբ Ներսես Մեծ Հայրապետ, Լուսավորիչ Սրտերի, բարեխոսիր մեզ համար։

136 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page