top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Սպասում



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 34-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Միքիայի Մարգարեության գրքից է (7.7-10):


«Սակայն ես Տիրոջ վրա աչքս կհառեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, և Տերը՝ իմ Աստվածը, կլսի ինձ» (Միքիա 7.7)։


Աստվածաշունչ Սուրբ Գիրքը հորդորում է ամբողջանվեր կերպով վստահել Տիրոջը, ապավինել Նրան բոլոր վտանգների և փորձությունների մեջ, սպասել նրան, եթե անգամ իրավիճակներն ու հանգամանքները անելանելի են թվում. «Սպասի՛ր Տիրոջը և քաջալերվի՛ր, թող սիրտդ զորանա. սպասի՛ր Տիրոջը»։ (Սաղմոս 26:14)


Արդարև, մեր անհամբեր աշխարհում ոչ ոք չի սիրում սպասել։ Դժվարությունները, որ առաջ են գալիս սպասելիս, մեզ հաճախ տանում են հուսալքության։ Այո, դժվար է սպասել և դրա համար էլ Աստվածաշունչ Սուրբ Գիրքը հորդորում է. «Քաջալերվի՛ր, թող սիրտդ զորանա»։ Այս բառերը հաճախ են հանդիպում Սուրբ Գրքում, հատկապես ամենածանր իրավիճակների նկարագրության մեջ, երբ մարդկային ուժերն անզոր են թվում։


Աստծուն սպասելու և Նրա առատ օրհնություններն ստանալու գաղտնիքը հանդարտ և վստահ համոզումն է, որ այդ սպասումն ապարդյուն չէ։ Այն իրապես քաջությունն է հավատալու, որ Աստված լսում է մեր աղոթքները և օգնության պիտի հասնի անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակներում։ Մենք սպասում ենք Աստծուն, ով երբեք չի հուսահատեցնում, ինչպես սաղմոսերգուն է ասում. «Քեզնով համբերողները պիտի չամաչեն»: (Սաղմոս 25:3)


Սիրելինե՛ր, թող որ ոչինչ արգելք չհանդիսանա մեզ սպասելու Աստծուն զորեղ հավատքով և կատարյալ վստահությամբ, և ամենածանր նեղությունների ու դժվարությունների մեջ անգամ Միքիա մարգարեի հետ վստահ ասենք. «Ես Տիրոջ վրա աչքս կհառեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, և Տերը՝ իմ Աստվածը, կլսի ինձ» (Միքիա 7.7):

40 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page