top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Տեառնընդառաջ



Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը՝ քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը։


Սուրբ Ղուկաս Ավետարանիչը գրում է, թե ինչպես Ս. Մարիամ Աստվածածինը և Հովսեփը «սրբագործման օրերի լրանալուց հետո, Մովսեսի օրենքի համաձայն, մանուկ Հիսուսին Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու, ինչպես գրված է Տիրոջ օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»։ Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկաս 2.22-24)։


Ս. Մարիամը և Հովսեփը մանուկ Հիսուսին Տաճար տարան՝ կատարելու համար օրենքի պահանջած պարտականությունները: Սակայն այս սովորական իրողությունը դարձավ արտասովոր մի դեպք, երբ երկու տարեց անձինք Տաճարում ընդառաջ ելան Հիսուս մանուկին: Աստվածավախ և արդար Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին արժանացան տեսնելու Տիրոջ Օծյալին՝ համայն մարդկության Փրկչին, որին խորին ակնածությամբ սպասում էին երկար տարիներ:


Սիմեոնը եւ Աննան իրենց հոգու աչքերով տեսան այն, ինչ ուրիշներ չէին կարող տեսնել։ Նրանք տեսան մանուկ Հիսուսի դեմքից ճառագող կենարար լույսը, որ փայլում էր աշխարհային խավարի մեջ: Եվ Սիմեոնը մանուկ Հիսուսին իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն ու ասաց. «Այժմ, ո՛վ Տեր, ըստ քո խոսքի խաղաղությամբ արձակի՛ր քո ծառային. որովհետև աչքերս տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ազգերի առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք Իսրայելի՝ քո ժողովրդի համար» (Ղուկաս 2.28-32)։


Արդարև, Հիսուս լույսն է աշխարհի, որ ծագեց մեղքի և մահվան խավարի մեջ և հայտնեց հավիտյաններից առաջ Աստծո հաստատած ծրագիրը՝ համայն մարդկության փրկության համար:


Սիրելիներ, Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս։ Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ, որպեսզի լուսավորի մեր հոգիները և հավիտենական կյանքի ճանապարհով առաջնորդի։ Ուրեմն, Սիմեոն ծերունու ու Աննա մարգարեուհու նման ընդառաջ գնանք Տիրոջը և բացենք մեր հոգիները` Նրա կենարար լույսն ընդունելու համար։

114 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page