top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Տերն իմ Հովիվն է



Գրական երեկոներից մեկի ժամանակ բազմության միջից մի տարեց հոգևորական խնդրեց հանրաճանաչ ասմունքող-դերասանին, որ արտասանի 22-րդ սաղմոսը։ Դերասանը համաձայնվեց՝ պայմանով, որ հոգևորականը նույնպես արտասանի այն։

Սկզբում արտասանեց դերասանը։ Նա ընթերցեց գեղեցիկ առոգանությամբ և դրամատիկ շեշտադրումներով՝ արժանանալով հոտնկայս ծափահարությունների։ Այնուհետև արտասանեց հոգևորականը։ Նրա առոգանությունն այդքան էլ հստակ չէր, իսկ ձայնը խռպոտ էր և բեկված՝ տարիներ շարունակ եկեղեցում երգելու և քարոզելու արդյունքում։ Սակայն երբ նա ավարտեց արտասանությունը, բոլորը հուզված էին, և արցունք կար նրանց աչքերին։ Երբ հարցրեցին դերասանին, թե ո՛րն է տարբերությունը, նա պատասխանեց. «Ես տիրապետում եմ ասմունքի արվեստին և լավ գիտեմ սաղմոսը, բայց նա ճանաչում է Հովվին»։

Հիրավի, 22-րդ սաղմոսն անչափ զորավոր է իր պարզության մեջ։ Հովիվ բառով սաղմոսերգուն բնութագրում է Աստծուն։ Դավիթ սաղմոսերգուն հովվի որդի էր և ինքն էլ հովիվ էր եղել ժամանակին։ Նա շատ լավ գիտեր, թե ի՛նչ սիրով էր բարի հովիվը խնամում և պահպանում իր գառնուկներին։ Հովիվն ապրում էր հոտի հետ, որը նրա համար ամեն ինչ էր՝ իր ապրուստը, իր ընտանիքը, իր աչքի լույսը։ Նա ասում է, քանի որ Աստված իմ հովիվն է և ես Նրա աչքի լույսն եմ, ապա ոչնչի պակաս չպիտի ունենամ։

Վերջերս այս հիասքանչ սաղմոսը հերթական անգամ աղոթելիս՝ անդրադարձա, որ կյանքում միայն երկու տարբերակ կա։ Եթե Տերը իմ հովիվն է, ապա ինձ ոչինչ չի պակասի։ Իսկ եթե ինչ որ բան պակաս է իմ կյանքում, ապա ակնհայտ է, որ Աստված իմ հովիվը չէ։ Ահա՛ պարզ ճշմարտությունը։ Եթե մեր կյանքում գոյություն ունի դատարկություն, մենակություն, հուսահատություն ու հուսախաբություն, ապա Աստված մեր Հովիվը չէ։

Եթե Աստծո փոխարեն ուրիշ մեկն է կամ ուրիշ բան է հովվում մեզ, ապա միշտ կարիքի մեջ պիտի լինենք։ Եթե դրամի մոլուցքն է հովվում մեզ, ապա մոլեռանդ կերպով պիտի աշխատենք, հարստություն դիզենք, և սակայն երբեք չպիտի բավարարվենք։ Եթե անձական հեղինակությունն ու փառքն է մեր հովիվը, ապա պիտի հիասթափություն ապրենք, քանզի օրերից մի օր այն պիտի խամրի։ Իսկ եթե Աստված է մեր Հովիվը, ինչպես ասում է սաղմոսերգուն, մեզ ոչինչ չի պակասի, քանզի «Նա պիտի ցույց տա մեզ կյանքի ճամփան, Իր երեսի ուրախությամբ հագեցնի մեզ, մշտական վայելչությամբ իր աջ կողմում» (հմմտ. Սաղմոս 15.11)։

117 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page