Այս ծանր օրերին, երբ ցավն ու վիշտը ներսից խեղդում են մարդու կոկորդը, երբ ապագայի անորոշությունն ու վախը մթագնում են միտքը, դյուրին է հուսալքվել և թևաթափ լինել։
Նման պահերին է առավելաբար, որ զգում ենք մեր մարդկային անզորությունը, բայց և՝ Աստծո ամենակարող զորության անհրաժեշտությունը։ Բնավ կարևոր չէ, թե որքան ծանր է մեր վիշտն ու հոգսերը, եթե ապավինենք Աստծուն և հայցենք Նրա ամենակարող զորությունը, ապա Աստծով զորացած կարող ենք հաղթահարել ցանկացած նեղություն ու դժվարություն։
Աստծո զորությունը գործում է նաև իբրև վահան. երբ «մտնում ենք Տիրոջ զորության ներքո» և մեր միտքը կենտրոնացնում ենք Նրա արդարության վրա, այն պաշտպանում է անձկության և հուսալքության զգացումներից, որոնք սովորաբար մարդ ունենում է նեղությունների և փորձությունների ժամանակ։
Սաղմոսերգուն հորդորում է. «Քո հոգսերը Տիրո՛ջը հանձնիր, և նա խնամք կտանի քեզ համար. նա հավիտյան չի թողնի, որ արդարը սասանվի» (Սաղմոս 54:23)։ Ուշադրությո՛ւն դարձրեք, այստեղ խոսքը արդարների մասին է, նրանց մասին, ովքեր փորձում են ապրել Տիրոջ կամքի համաձայն և աստվածահաճո կյանքով։
Ուրեմն, գալիք օրերի ընթացքում գիտակից որոշում կայացնենք՝ հրաժարվելու մեղքից և ապրելու աստվածահաճո կյանքով։ Աներկբա վստահենք Աստծուն, ապավինենք Նրա ամենակարող զորությանը և Առաքյալի խոսքի համաձայն. «համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք» (Եբր. 4:16)։
Comments