top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Փառքի գիտության լույսը




Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 20-րդ օրն է և օրվա ընթերցվածը կորնթացիներին ուղղված Ս. Պողոս առաքյալի երկրորդ նամակից է (4.1-11):


«Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։ Արդ, այս գանձն ունենք կավե անոթների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից» (Բ Կորնթացիներին 4.6-7):


Այսօրվա ընթերցվածի մեջ Ս. Պողոս Առաքյալը խոնարհաբար իրեն համեմատում է ցածրորակ և պարզ մի կավե անոթի հետ։ Ինչպես Ս. Պողոսի ժամանակներում, այնպես էլ այսօր կավե տարրաները բավական էժան են և հեշտ կոտրվող։


Այսուհանդերձ, մեծագույն անակնկալն այն է, որ Աստված տիեզերքի ամենաթանկագին գանձը՝ Իր փառքի գիտությունը և Իր Միածին Որդու դեմքից ճառագող կենարար լույսը, դրել է հենց այդ հասարակ և փխրուն կավե անոթների՝ մեղավոր մարդկանց սրտերի մեջ։ Կավե անոթն անկատար է, թերի և վնասված, սակայն այդ բնավ արգելք չէ, որպեսզի գանձը տեսանելի լինի իր ողջ գեղեցկությամբ։ Ավելին՝ հենց դրա միջոցով է հայտնի դառնում, որ այն Աստծուց է և ոչ թե՝ մարդկանցից։


Աստծո կենարար Խոսքն արդեն 2000 տարիներ քարոզվում է պարզ և խոնարհ մարդկանց միջոցով։ Աստված դարձի է բերում մեղավորներին և սրբացնում է սրբերին փխրուն կավե անոթների մեջ դրված իր թանկագին գանձով։ Նա կարող էր երկնքի հրեշտակների բանակներն ուղարկել Ավետարանը քարոզելու համար, սակայն ընտրեց մեզ՝ իր զավակներին, որոնց համար և զոհաբերեց իր Միածին Որդուն։


Ուրեմն, սիրելինե՛ր, թող որ Աստված հենց ինքը ծագի մեր բոլորի սրտերում, որպեսզի լուսավորվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմքից ճառագող Աստծո փառքի գիտության լույսով և այն շողարձակենք մեր շրջապատի մեջ՝ հստակ գիտակցելով, որ այդ անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։

55 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page