Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 15-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Կողոսացիներին ուղղված Ս. Պողոս Առաքյալի նամակից է (2.8-3.4):
«Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրե՛ք վերին բաները, որտեղ Քրիստոսն է՝ նստած Աստծու աջ կողմը։ Վերի՛ն բաների մասին խորհեք և ոչ թե այն բաների, որ այստեղ՝ երկրի վրա են, որովհետև մեռաք, և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ՝ Աստծու մեջ։ Իսկ երբ Քրիստոսը՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով» (3.1-4)։
Նախորդ շաբաթ՝ Մեծ Պահքի 4-րդ օրը, Ս. Պողոս Առաքյալի հետ անդրադարձանք քրիստոնեական հավատի մեծագույն խորհուրդներից մեկին, թե ինչպես մկրտությամբ մեր հին մեղավոր անձերը մահանում են և վերածնվում ենք Քրիստոսի մեջ նոր կյանքով։ Այսօր Առաքյալը հիշեցնում է, որ մեր մկրտությամբ Տեր Հիսուս Քրիստոսի հետ թաղվելուց և հարություն առնելուց հետո մեր միտքը ևս պիտի փոխի իր կենտրոնացումը։ Մենք այլևս մեղքին շղթայված չենք, այլ ազատ ենք և ապրում ենք Հիսուս Քրիստոսի մեջ։ Հիսուս Քրիստոսի հետ հարություն առնելով՝ պետք է նորոգվի նաև մեր կյանքի ընթացքը և մեր հաղորդությունն Աստծո հետ։
Այդ նորոգությունը տեղի է ունենում, երբ «վերին բաների մասին ենք խորհում»։ Ս. Պատարագի ժամանակ սարկավագները հորդորում են ժողովրդին. «Վեր ուղղեցե՛ք ձեր մտքերը»։ Քրիստոնեական այլ ավանդությունների մեջ ասվում է. «Վեր ուղղեցե՛ք ձեր սրտերը»։ Սա էլ հիմք է հանդիսացել Եկեղեցու հայրերի համար՝ ձևակերպելու աղոթքի լավագույն սահմանումը. «Աղոթքը մտքերի և սրտերի վեր ուղղումը կամ վեր բարձրացումն է դեպի Աստված»։
Սա նաև կարևորագույն սկզբունքն է մեր ներքին՝ մտքերի պայքարում հաղթելու համար. մեր միտքը և սիրտը պետք է նույն ուղղությամբ՝ դեպի երկինք շարժվեն, այլապես ներքին հակասություն կառաջանա։ Երբ մարդու սիրտն այլ բան է ուզում, իսկ միտքը՝ մեկ այլ բան, շատ դժվար է կենտրոնանալ։ Ներքին խաղաղություն ունենալու համար բարի մտածումները, որոնք մեր մտքի մեջ են, պետք է ներթափանցեն մեր սրտի խորքերը և մեր միտքն ու սիրտը միասին ուղղորդեն դեպի Աստված։
Իսկ ինչպես ենք մեր մտքերը և սրտերը ուղղորդում, որպեսզի փնտրեն և խորհեն վերին բաները։ Առաքյալն այդ մասին խոսում է նույն նամակի մեջ մի քանի տող ներքև. «Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծու» (Կողոսացիներին 3.16)։ Արդարև, Աստծո Խոսքը պետք է կենդանի պահենք մեր մտքերում և սրտերում, որպեսզի կարողանանք իմաստնաբար ապրել և աղոթել ու երախտագիտությամբ օրհնաբանել Աստծուն։
Ուրեմն, սիրելինե՛ր, ապրենք մեր կյանքը մեր մտքերն ու սրտերը դեպի երկինք հառած և սարկավագի հորդորին, թե «Աստվածային երկյուղով վեր ուղղեցե՛ք ձեր մտքերը» պատասխանենք մեր սրտի խորքերից. «Ամենակա՛լ Տեր, մեր մտքերն ու սրտերը Քո վրա են հառած»։
Commenti