top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Քաջության Հոգին



Պատերազմի, համավարակի և կյանքի այլ ծանր փորձությունների մեջ վախի և անորոշության զգացումը անխուսափելիորեն տարածվում է մեր շուրջը և երբեմն էլ ներթափանցում մեր սրտերի մեջ։


Այդ պահերին, սակայն, պետք է հիշել, որ վախի զգացումը կարող ենք հաղթահարել միմիայն քաջությամբ, որն ամենևին էլ զգացմունք չէ։ Քաջությունը Աստծո հայրական խնամքի հանդեպ կատարյալ վստահությունն է։ Այն ուժ է տալիս մեզ առաջ ընթանալու վախի և անորոշության խավարի մեջ՝ իրերն ու իրականությունները տեսնելով հավիտենության լույսի ներքո։


Հին Կտակարանի բնագրում «քաջություն» բառը նշանակում է նաև «Աստծո շունչ», որը գործածվում է նկարագրելու համար Աստծո արարչագործությունը։ Ծննդոց Գրքում կարդում ենք, որ մարդու արարչության ժամանակ Աստված կենդանության շունչն է փչում նրա ռունգերին։ Այդ շունչն է, որ կյանք է պարգևում մարդուն, և միևնույն ժամանակ քաջություն և խիզախություն։


Իր Հարությունից հետո՝ երկրորդ արարչության ժամանակ, մեր Տեր Հիսուս Քրիստոս ևս նույն շունչն է պարգևում իր առաքյալներին՝ ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին»։ (Հովհ. 20:22) Եվ առաքյալները, ովքեր Հիսուսի ձերբակալությունից հետո վախից փախել և ուրացել էին իրենց Ուսուցչին, Սուրբ Հոգով զորացած՝ անվախ քարոզեցին Ավետարանը աշխարհի բոլոր ծագերում և արիաբար ընդունեցին նահատակության պսակը։ Որովհետև, ինչպես առաքյալն է ասում. «Աստված մեզ չտվեց վհատության ոգի, այլ զորության, սիրո և զգաստության»։ (Բ. Տիմ. 1:7)


Ես չգիտեմ, թե ինչու մեր ժողովուրդը ենթարկվեց այս ծանր փորձության, սակայն վստահ գիտեմ, որ Աստված երբեք իր զավակներին միայնակ չի թողնում փորձությունների մեջ։ Նա իր Սուրբ Հոգով զորացնում է նրանց՝ հաղթահարելու յուրաքանչյուր փորձություն։


Աղոթենք ի խորոց սրտից, որպեսզի ամենազոր Աստված իր կենդանության և քաջությանը Շունչը պարգևի մեր ժողովրդին, որպեսզի Սուրբ Հոգով զորացած քաջաբար հեռու վանենք ամեն վախ ու անորոշություն և ազգովին համախումբ խիզախաբար պատերազմենք թշնամիների դեմ մինչև վերջնական հաղթանակ։

25 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page