top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Օգնականի Քարը



Աստվածաշնչի՝ Առաջին Թագավորությունների գրքում կարդում ենք. «Սամվելը մի քար վերցնելով՝ կանգնեցրեց Մասեփաթի ու հին Բեթսանի միջև և այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «Օգնականի քար»՝ ասելով. «Մինչև այս վայրը Տերը մեզ օգնեց»։ (Ա.Թագավորաց 7:12)


Աստծո օգնականությամբ թշնամիների դեմ ճակատամարտը հաղթելուց հետո Սամվել մարգարեն կանգնեցրեց այս քարը, որպեսզի իր ժողովուրդը սերնդե սերունդ հիշի, թե ինչպես Աստված փրկեց նրանց, երբ հավատքով խոնարհվեցին Նրա առաջ։ Թեև նրանք արժանի չէին Աստծո օգնականությանը՝ Նրա կամքին տևական անհնազանդություն դրսևորելու պատճառով, սակայն Աստված իր հավատարիմ սիրով օգնության հասավ իր ժողովրդին և փախուստի մատնեց նրանց թշնամիներին։


Անշուշտ, սա պատերազմների և նեղությունների վերջը չէր։ Տակավին շատ վտանգների ու փորձությունների միջով պիտի անցնեին նրանք։ Եվ «Աբենեզեր», այսինքն՝ «Օգնականի քար» կանգնեցնելով Սամվել մարգարեն ոչ թե վերջնական հաղթանակն էր հռչակումն, այլ հիշեցնում էր նրանց և ապագա սերունդներին Աստծո հավատարմության մասին, որպեսզի հավատը չկորցնեն գալիք օրերին։


Մեր Հայաստան աշխարհը լի է «աբենեզեր» քարերով։ Մեր երկրի սահմանները եզերված են խաչքարերով, որոնք մեր հայրերի ջերմեռանդ հավատքի, Աստծո հավատարմության և Նրա օգնականությամբ թշնամուն հաղթանակելու մասին անլուռ վկաներն են՝ մեզ և գալիք սերունդների համար։


Մեր ժողովրդի համար վճռական այս օրերին, երբ կենց մահու պատերազմ ենք մղում նենգ թշնամու դեմ, երբ համավարակը և տնտեսական տագնապները ցնցում են համայն աշխարհը, հաստատուն հավատքով ապավինենք մեր հայրերի Աստծուն և վստահ գիտակցենք, որ մեր Տեր Աստված, հավատարիմ Աստված է, որ փրկում է իր ժողովրդին տեսանելի և անտեսանելի բոլոր վտանգներից։


Հիրավի, Աստծո այդ հավատարմության և անսպառ սիրո գագաթնակետը Իր միածին Որդու զոհաբերությունն էր Խաչի վրա։ Խաչքարը հիշեցնում է մեզ Աստծո այդ հավատարիմ սիրո և մեր փրկության համար Խաչափայտի վրա հեղված մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ արյան մասին։ Աստծո այդ «աբենեզեր» քարը բարձրացվեց մեզ համար, որպեսզի իր օգնականության հիշողությունը և անձնազոհ սերը երբեք չմարի մեր սրտերում։

35 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page