top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Օրենք պատերազմի մասին



Աստվածաշնչի Երկրորդումն Օրինաց գրքում մի հատված կա, որ հայտնի է «Օրենք պատերազմի մասին» վերտառությամբ։ Պատերազմից առաջ Աստված հորդորում է քահանաներին՝ խոսելու ժողովրդի հետ հետևյալ քաջալերական բառերով. «Ահավասիկ դուք այսօր պատերազմի եք ելնում ձեր թշնամիների դեմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք ու նրանց առջևից մի՛ նահանջեք, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, ձեզ հետ գնում է ձեր առջևից, որպեսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դեմ՝ փրկի ձեզ»։ (Բ Օրինաց 20:3-4)


Իր ամենազոր ներկայության և օգնության վստահությունը փոխանցելուց հետո, Աստված հրամայում է դպիրներին խոսելու զինվորականների հետ և նրանց հորդորելու անմնացորդ նվիրումի։ Այնուհետև կարդում ենք հետևյալ անսպասելի նախադասությունը. «Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող վերադառնա իր տունը, որպեսզի իր եղբորն էլ իր նման վախկոտ չդարձնի»։ (Բ Օրինաց 20:8)


Ահա՛ և կարևորագույն օրենքը պատերազմի մասին. վախը տեղ չունի ռազմաճակատում։ Աստված հրամայում է թուլասիրտ և վախկոտ մարդկանց վերադառնալու տուն, որովհետև, ինչպես վախը, այնպես էլ՝ քաջությունը վարակիչ են։ Երբ իրենց վախն արդարացնելու համար մարդիկ սին պատճառաբանություններ են բերում և լքում ռազմաճակատը, շատերը հետևում են նրանց։ Երբ պատերազմի թեժ պահին առաջնորդը խոսում է ցավոտ փոխզիջումների մասին, շատերի մարտական ոգին է կոտրվում։ Իսկ երբ հրամանատարը կամ պատանի մի զինվոր խիզախաբար նետվում է ռազմի դաշտ, շատերն են ոգեշնչվում նրա օրինակով։


Սուրբ Պողոս Առաքյալը գրում է սրա մասին իր անձնական փորձառությունից. «Նաև Տիրոջը միացած շատ եղբայրներ՝ քաջալերված իմ կապանքներով, ավելի համարձակվեցին առանց երկյուղի քարոզելու Աստծու խոսքը»։ (Փիլիպեցիներին 1:14): Աստծո խոսքի քարոզչության համար բանտարկված Առաքյալի քաջությունը խրախուսեց շատերին անվախ և աներկյուղ քարոզելու Ավետարանը։


Արդարև, Աստված հորդորում է քաջության ոչ միայն մեզ համար, այլև՝ ուրիշների։ Մեր քաջությունը վարակիչ է նաև այլոց համար։ Երբեք չես իմանա, թե քանի հոգի կգա քո ետևից, մինչև որ հավատքով և խիզախաբար չնետվես մարտի։ Շատերը խիզախ առաջնորդի և քաջ հրամանատարի կարիքն ունեն։ Աստված օգտագործում է մեր քաջությունը՝ ուրիշներին ևս խիզախություն ներշնչելու համար։


Ուրեմն, Աստծո և Նրա խոստումների նկատմամբ կատարյալ վստահությամբ և աներկբա հավատքով հեռու վանենք վախը մեր սրտերից և աներեր քաջությամբ մղենք մեր գոյապայքարը, «որովհետև Աստված մեզ չտվեց վհատության կամ վախի ոգի, այլ զորության, սիրո, զգաստության և քաջության» (հմմտ. Բ Տիմ. 1:7)։

182 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page